Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:
Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի ականատես կլինի:
Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում: Իրադարձությունն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ հայ արտիստը մեկնում է նման մեծամասշտաբ համաշխարհային շրջագայության:
«Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը». հենց սա է Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը:
Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կազմակերպում է «Լիլիթ Հովհաննիսյան» ընկերությունը: Համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը: