Ադրբեջանն, ըստ էության, հետքայլ է կատարում՝ ամեն անգամ առաջ քաշելով բարձր ինքնավարության թեզը


04:45 , 12 փետրվար, 2019

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր. «2019թ-ին մենք պետք է բեկում կատարենք կարգավորման մեջ՝ ավելացնելու համար տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման հնարավորությունները»:

Թվում էր, թե Մամեդյարովի հայտարարության համար հիմքեր պետք է լինեն, և 2019թ․-ը լինելու է բեկումնային: Եվ 2019թ. հունվարին Փարիզում արդեն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ ԱԳ նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել: Իսկ օրեր անց Դավոսում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ կողմերն ընդհանուր մտքեր էին փոխանակել:

Ինչպես երևում է, որ 2019թ․-ին տեղի ունեցած հանդիպումներում կողմերի միջև որևէ հստակ լուծման հանգելու մասին խոսք չկա, սակայն այսօր արդեն «The Korea Times»-ի հետ զրույցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հայկական զորքերն այս տարի դուրս կբերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»՝ նշելով, որ Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն։

Ադրբեջանն, ըստ էության, հետքայլ է կատարում՝ ամեն անգամ առաջ քաշելով բարձր ինքնավարության թեզը, և դա իրականում ոչ թե լավատեսության, այլ վատատեսության հիմքեր է ստեղծում, քանի որ նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ կողմերին մղում են ռազմական բախման: Եվ այսպիսով՝ Ադրբեջանն իր հայտարարություններով ավելի շատ հիմք է նախապատրաստում ռազմական գործողությունների վերսկսման համար: