Մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի կարծենք, որ սկզբի համար դժվարը մեզանից մի երկու շրջան խլելն է, դրանից հետո, հավեսի ընկած, մինչև Երևան մետր առ մետր ուզելու են


01:47 , 12 փետրվար, 2019

Միակողմանի փոխզիջումներ չեն լինում: Բառն ինքն իրեն արդեն բնութագրում է՝ փոխզիջում, այսինքն՝ երկու, երեք կամ չորս, չգիտեմ՝ կոնկրետ դեպքերում քանի կողմ կլինի կողմերի որոշակի զիջումների հարցը վերջնական լուծելու համար, բայց մեր դեպքում փոխզիջումը կոնկրետ քննարկվում է բացառապես մեր կողմից կատարվող քայլերի շուրջ:

Մեզ են դեմ տալիս, թե՝ հո՞ղ եք զիջելու, թե՞ պատերազմ ա լինելու: Ոչ մեկ չի հարցնում, բայց Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, և եթե պատրաստ է, ապա ի՞նչ է առաջարկում, ու արդյո՞ք մեզ ձեռք է տալիս իրենց փոխզիջումը: Չէ, ոչ մեկի դա չի հետաքրքրում, կարևորը Հայաստանից խոսք քաշելն է: Ո՞վ ա տեսել՝ պատերազմում հաղթած կողմին միշտ դեմ տան փոխզիջում ասվածը:

Ադրբեջանի համար ամեն ինչ հակառակն է: Սրանք երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու մենակ պահանջներ են ներկայացնում: Իր վերջին հարցազրույցի ժամանակ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում իմ երկրի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով բոլոր հարթակներում: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։

Հասկանում եք, չէ՞, մարդն ի՞նչ է ասում: Ասում է, որ իրենք տարիներ շարունակ նույն կերպ են մոտեցել հարցի լուծմանն ու հիմա էլ նույն կերպ են մոտենում այդ հարցին ու մտադիր չեն որևէ փոփոխություն կատարել դրանում: Այսինքն՝ սրանց պատկերացրած փոխզիջումը սա է՝ հողեր տվեք մեզ, որ պատերազմ չլինի: Հլը մի կողմ դնենք այն, որ սրանք նման պահանջ դնելու իրավունք չունեն, բայց մենք էլ հաստատ վստահ չենք, որ հող տալով պատերազմ չի լինի, քանի որ փորձը ցույց ա տալիս, որ ժամանակ առ ժամանակ թշնամին, իր ասած ամենաբարձր մակարդակով, խոսում է նաև Երևանի մասին:

Այսինքն՝ մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի կարծենք, որ սկզբի համար դժվարը մեզանից մի երկու շրջան խլելն է, դրանից հետո, հավեսի ընկած, մինչև Երևան մետր առ մետր ուզելու են: