ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին (Video)


22:40 , 11 փետրվար, 2019

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Կողմերը կարևորեցին պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը: