Ինչպիսի՞ երաժշտություն է պետք լսել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար


01:14 , 12 փետրվար, 2019

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատանքի ժամանակ երաժշտություն լսելը շատ արդյունավետ է, սակայն համեմատաբար վերջերս պարզվել է, որ որոշ ժանրեր ավելի շատ են մոտիվացնում, քան մնացածը։

Համաձայն Cloud Cover Music-ի հարցումների, որոնք անց են կացվել հազարավոր աշխատակիցների և գործատուների միջև, արդյունավետության բարձրացման համար ամենատարածված երաժշտությունը դասական ռոքն է։ Նրան հետևում են ալտերնատիվը և փոփը։ Ամենաշատ ուշադրություն շեղողը հիփ-հոփն է, հեվի-մետալը և քանթրին։

Cloud Cover Music-ի ղեկավար Մեգ Պեմոնտը նշում է, որ ամեն ինչ կախված է անհատական նախընտրություններից, գլխավորը տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելն է, որը թույլ կատ առաջադրանքը կատարել այնքան լավ, որքան հնարավոր է։

Որպես օրինակ, թե ինչքան սուբյեկտիվ կարող է լինել երաժշտության ազդեցությունը տարբեր մարդկանց վրա, Պեմոնտը բերում է հիփ-հոփը։ Հարցվածների 21%-ի մոտ այս ժանրն արագորեն բարձրացնում է արդյունավետությունն այն դեպքում, երբ հարցվածների 38%-ն այն անվանել են նյարդայնացնող։

Հարցվածների մեծամասնությունը համակարծիք է, որ երաժշտությունն ավելի լավ է, քան ֆոնային ցանկացած աղմուկ։

Երաժշտական ճաշակը ձևավորում է նոստալգիկ հիշողություններ

Մայամիի համալսարանի Երաժշտական թերապիայի ծրագրի ղեկավար Թերեզա Լեսյուկի խոսքերով՝ երաժշտական նախընտրությունների տարբերությունը կախված է նոստալգիկ հիշողությունների և ասոցիացիաների հետ։

Հոգեբանության մեջ գոյություն ունի «ասոցացիվ հիշողություն» հասկացություն։ Երաժշտական ստեղծագործությունը կարող է առաջացնել հիշողություններ ինչ-որ իրադարձությունների մասին։ Ասոցացիա ստեղծող երաժշտությունը մեծ ազդեցություն է ունենում մարդու վիճակի վրա։

Ըստ Թերեզա Լեսյուկի՝ աշխատավայրերում ամենատարածված երաժշտական ժանրերը՝ դասական ռոքը, ալտերնատիվը և փոփ-երաժշտությունը իրականում ամենանոստալգիկն են։

Լեսյուկը պատմում է, որ 20 տարեկանում լսվող երաժշտությունը, որպես կանոն, ամենահզորն է, քանի որ մարդն այդ ժամանակ ակտիվ է, և նրա մոտ ձևավորվում է անհատականությունը։ Սա բացատրում է, թե ինչու են մարդիկ նախընտրում լսել դասական ռոք և ալտերնատիվ, իսկ երիտասարդությունը՝ հիփ-հոփ։