Հայտնի են տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման վեց հիմնական ախտանշանները


18:00 , 11 փետրվար, 2019

Cancer Research UK կազմակերպության փորձագետները թվարկել են տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման վեց հիմնական ախտանշանները, հաղորդում է Daily Express-ը, վկայակոչելով ուսումնասիրությունը:

Բժիշկները նշել են, որ մեզի մեջ արյան առկայությունը կարող է միզապարկի կամ աղիների քաղցկեղի առաջացման ախտանշան հանդիսանալ: Նրանք խորհուրդ են տալիս չհետաձգել այցը բժշկին, այս ախտանիշի ի հայտ գալու դեպքում:

Կրծքագեղձից արտադրությունը, դրա ձևի փոփոխությունը և կրծքավանդակի մաշկի գրգռվածությունը կարող են կրծքի քաղցկեղի առաջացման ախտանշան հանդիսանալ: Օնկոլոգիական հիվանդության այս տեսակը տղամարդկանց մոտ հազվադեպ է հանդիպում, սակայն բացառել դա չի կարելի:

Փորձագետները նաև խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ չդադարող հազի դեպքում: Առավել տագնապալի ախտանիշ է արյան առկայությունը խորխի մեջ:

Բացի այդ՝ փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել քաշի կտրուկ կորստին, միզարտադրության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ամորձիների չափի և ձևի փոփոխությանը:

«Քաղցկեղի ախտանշանները շատ հաճախ կարելի է շփոթել համեմատաբար անվտանգ հիվանդության հետ, որը կարող է հանգեցնել լուրջ հիվանդության անտեսմանը»,- ասել է հոդվածի հեղինակ Քեթրին Թուրիլը: