Շունը վազել է հիվանդանոց և տիրոջը հանել կոմայից


17:20 , 11 փետրվար, 2019

Մեծ Բրիտանիայում 65-ամյա Էնդի Սասի շունը նրան հանել է կոմայից: Տղամարդը 2016թ.-ին հայտնվել է Սաութհեմփթոն քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում քիմիաթերապիայից հետո առաջացած սուր պնևմանիայի հետևանքով: Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել:

Երբ տղամարդու վիճակը կայունացել է, բժիշկները թույլատրել են նրան տեսակցել Թեդի անունով շանը: Լսելով սիրելի շան հաչոցը Սասը նախատեսվածից երեք օր շուտ գիտակցության է եկել, հաղորդում է Metro պարբերականը:

Սասը ժամանակին շանը վերցրել է կենդանիների կացարանից: «Ես միշտ ասում եմ մարդկանց, որ ես Թեդին եմ փրկել, իսկ նա՝ ինձ»:

Սասը Թեդին ուղարկել է թերապևտիկ շների դասընթացների: 2018-ին շունն այն հաջողությամբ ավարտել է և նույն տարեվերջից անցել աշխատանքի հիվանդանոցներում, ծերանոցներում ամբողջ երկրով մեկ: Տիրոջ խոսքերով Թեդին տեսնելիս ոչ միայն հիվանդներն են ժպտում այլև՝ բժիշկները, բուժքույրերը և հիվանդանոցի այցելուները: