Հեռուստահաղորդաշարն ամեն մարդու տեղ չէ


14:09 , 11 փետրվար, 2019

Այն մարդը, ով չի ճանաչում իմաստությունը և խրատը, չի կարող իմանալ, հասկանալ նաև հանճարների խոսքերը, քանզի ոչ ոք իրենց համար հեղինակություն չէ:

Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, սիրելի քրիստոնյա ազգ, երեկ ֆեյսբուքյան էջում լայն քննարկման ևս մեկ առիթ առաջ եկավ՝ կապված Հ1-ով «Հանրային քննարկում» հաղորդաշարում տեղ գտած նյութի հետ, թե որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում:

Կարող եմ հստակ ասել, որ քննարկմանը հրավիրյալների մեջ կային այնպիսի մարդիկ՝ պատմաբան, իրավապաշտպան, որոնք միտումնավոր փորձում էին նսեմացնել Հայ եկեղեցու պատմություն առարկայի դերը, ավանդը մեր երեխաների կրթական զարգացման ազգանվեր գործում:

Խոսենք փաստերով։ Իրեն իրավապաշտպան համարող Ավետիք Իշխանյանը հաղորդման շրջանակներում իր ելույթում նշում է, որ շատ բաներ օրենքով են, և եթե մենք օրենքի գերին ենք ամեն հարցում, ապա մենք պետք է արդարացնենք տարբեր տիպի երկրներում կատարված, մեղմ ասած, անօրինականությունները մարդկության հանդեպ:

Սիրելիներ, այս մարդու մեկ նախադասությամբ արտաբերած խոսքերը չեն կարող իրավագետի կամ իրավապաշտպանի խոսքեր լինել, որովհետև օրենքը գերակա է իրավունքից։ Տրամաբանենք, օրենքից է բխում իրավունքը և ոչ թե հակառակը: Մարդը կարող է, օրենքով նախատեսված, իրավունք ունենալ անելու կամ չանելու մի բան:

Այսպիսով՝ նման տգետ, կեղծ իրավապաշտպան և գրանտ կերած մարդը չպետք է խոսի Հայ եկեղեցու պատմություն առարկայի մասին:

Հաջորդիվ խոսենք պատմաբան կոչված Վահրամ Թոքմաջյանի մասին: Նրա երևակայական, հակաեկեղեցական մտքերին նոր չէ, որ ծանոթ ենք: Այս մարդը սիրում է, որ իր հարցերին պատասխանում են փաստերով, ուրեմն` խոսենք փաստերով:

Իր ելույթի ժամանակ վերոնշյալ անձը խոսում է Հայ եկեղեցու պատմության չափորոշիչ ծրագրերում տեղ գտած մի հատվածի մասին, թե որտե՞ղ է գտնվում դրախտը։ Զարմանքով նայում շուրջը, փորձում իր զարմանքով զարմացնել բոլորին: 

Փաստ 1

Դրախտի գտնվելու մասին խոսում է ոչ թե միայն եկեղեցու պատմությունը, այլև Աստվածաշունչ մատյանը, եթե այս մարդը չալարեր և, շատ չէ, մեկ-երկու էջ թերթեր Սուրբ գրքից, ապա կհանդիպեր այն հատվածին ուր ասվում է, որ Աստված դրախտ տնկեց Եդեմում, և որ Եդեմից գետ էր բխում, որպեսզի ոռոգեր դրախտը, և այդ գետն այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի: Այդ ճյուղերից երկուսը Եփրատն ու Տիգրիսն էին (խմբագրված է, մանրամասն տես Ծննդոց 2-րդ գլխի 8-15 համարները), և ուրեմն՝ գետերի աշխարհագրական դիրքը քարտեզի, ատլասի վրա հուշում է, թե աշխարհագրական տեսանկյունից որտեղ է գտնվել դրախտը:

Ես, իհարկե, համամիտ եմ, որ արժե փոխել այս հատվածը, բայց ոչ թե եղածը պակասեցնել, այլ ավելացնել, որ հենց այդ նուն Եփրատ գետը գոյանում է երկու բազուկներից՝ Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ (Արածանի), որտեղ և մկրտվելով Սուրբ Լուսավորչի ձեռամբ՝ քրիստոնյա է դարձել հայ ազգը՝ գլուխ ունենալով հայոց թագավոր Տրդատ Մեծին: Ուրեմն՝ հայոց ազգը Լուսավորչի սուրբ ձեռքով մկրտվել է դրախտը ոռոգող ջրերում: 

Փաստ 2

Իմ խորին համոզմամբ՝ այս մարդու համար եթե անգամ պատմության գրքեր կազմողները և գրքերի հեղինակները որևէ դաշտում որևէ հեղինակություն չենԱստվածաշունչ մատյանն էլ իր համար առասպելների, լեգենդների գիրք կհամարվի: Բայց կհուշեմ. Աստվածաշունչ մատյանում տեղ գտած աստվածահայտնություններն առասպել չեն, այլ իրականում եղած պատմություններ: Խորհուրդ կտամ իրեն պատմաբան համարողին նախ այցելել սուրբ տեղիներ, ծանոթանալ Երուսաղեմ քաղաքի պատմությանը, ապա՝ Հին կտակարանում տեղ գտած Երուսաղեմի տաճարի շինարարության պատմությանը, ապա այցելել այդ տաճարից մնացած և մեզ հասած տաճարի պատը, որը ժողովուրդը շատ հաճախ անվանում է Լացի պատ: Խորհուրդ կտամ այս պատմաբան կոչվածին այցելել, իր գլխով էլ հարվածել այդ պատին՝ հույս ունենալով, որ գոնե նման ձևով կարող կլինի հաղորդ դառնալ պատմությանը և ոչ առասպելին:

Սիրելիներ, այն մարդը, ով չի ճանաչում իմաստությունը և խրատը, չի կարող իմանալ, հասկանալ նաև հանճարների խոսքերը, քանի որ ոչ ոք իրենց համար հեղինակություն չէ:

Դավիթ սարկավագ Մովսեսյան