Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան


09:00 , 11 փետրվար, 2019

Բելգիայում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրում ներկա իրավիճակը հարմար չէ իր վերադարձի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ իրեն հաճախ են հարցնում երկիր վերադառնալու մասին, սակայն այնտեղ իրավիճակը դեռ «պատրաստ չէ»։ Սաակաշվիլին նշել է, որ մտադիր է Վրաստան այցելել, բայց այն բանից հետո, երբ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում իրավիճակը «կնախապատրաստվի»։

«Հնարավոր չէ հեռվից նայել՝ ինչպես է ոչնչացվում երկիրդ»,-հավելել է նա։

Սաակաշվիլին ասել է նաև, որ երկրում խաղաղ իշխանափոխության ծրագիր ունի, ինչպես նաև խոստացել Վրաստանի քաղաքացիություն տալ նրանց, որոնք ծնվել են Վրաստանում և ծագմամբ վրացի են։