Մանիպուլացիա հարկային օրենսգրքի հիմնավորումներում


04:46 , 11 փետրվար, 2019

Ասում են՝ շահութահարկի դրույքաչափը սահմանում ենք 18%, շահաբաժնի (դիվիդենտի) հարկինը՝ 5%, եկամտային հարկինը՝ 23%, հետևաբար մի կողմից շահութահարկ+դիվիդենտի հարկը 23% է, մյուս կողմից՝ եկամտային հարկն է 23%, ուստի իմաստ չկա աշխատող թաքցնելու, բիզնեսը ստվերից դուրս կգա:

Հասկանանք՝ քանի մանիպուլացիա կա այս պնդման մեջ.

1. Շահութահարկի ու դիվիդենտի հարկի հանրագումարը 23 տոկոս չէ, այլ 22.1%, որովհետև հանրահաշվում կա բարդ տոկոս հասկացություն, ու X-ից (շահույթից) 18 տոկոս հարկելուց հետո մնացող դիվիդենտը 5 տոկոսով հարկելը նույնը չէ, ինչ շահույթը 18+5% հարկելը, հետևաբար զուտ բեռը ոչ թե 23, այլ 22.1% է:

2. Գրանցված աշխատողը գործատուի վրա ոչ միայն եկամտային հարկի մասով է բեռ (23%), այլև սոցիալական վճարի (2,5%), զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի վճարի (1000 դրամ, որը մոտ 400.000 գրանցված աշխատողների դեպքում նվազագույնը 0,7%): Իսկ իրականության մեջ որևէ մեկը «կեղտոտ» աշխատավարձ չի պայմանավորվում, այլ «մաքուր», ուստի աշխատողի համար վերջին երկուսը ևս որպես հարկային բեռ են ընկալվում, որից ուզում են խուսափել տնօրինվող եկամտի ավելացման ակնկալիքով: Փաստացի, գրանցված աշխատողի համար բեռը ոչ պակաս, քան 26,1% է:

Հետևաբար երկընտրանքը ոչ թե գրանցել ու 23% եկամտային հարկ տալու և չգրանցել ու 23% շահութահարկ + դիվիդենտի հարկ վճարելու անօգուտ գործընթացի մասին է, այլ գրանցել ու 26.1% հարկ տալու և չգրանցել ու 22.1% տալու մասին է, որը, համաձայնեք, անօգուտ չէ: