Հաճելիորեն զարմացած եմ. հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինն այցելել է Եղեգիս (Photo)


10:08 , 9 փետրվար, 2019

Հանրահայտ ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, այցելել է Եղեգիս գյուղում գտնվող հնագույն հրեական գերեզմանոց, որի հարևանությամբ նաև ադրբեջանական գերեզման է տեղակայված:

«Եղեգիս գյուղը չափազանց գեղատեսիլ է, և այն շրջապատող ազդեցիկ լեռները հզոր տպավորություն են թողնում: Գյուղում պահպանվել է Հայաստանի միակ հնագույն հրեական գերեզմանատունը: Այն այդքան էլ հեշտ չէ գտնել. այն գյուղի ծայրին է գտնվում և գետի մյուս ափին է, ուր կարելի է հասնել կոլորիտային, երերուն կամրջով, որով էլ հրեական գերեզմանատունը բաժանված է ադրբեջանականից»,- գրում է Լապշինն իր բլոգում:

Վերջինս ընդգծում է, որ խորհրդային տարիներին այստեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո ադրբեջանցիները հեռացել են Հայաստանից, ինչպես և հայերը՝ Ադրբեջանից:

«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ այն փաստով, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմանատանը: Չկա ոչ մի քանդված գերեզման, որևէ գրաֆիտի կամ վանդալիզմի նշան»,- շեշտել է բլոգերը:

Նրա խոսքով՝ հրեական գերեզմանատունն ավելի հին պատմություն ունի: Եղեգիսի ամենանոր հրեական գերեզմանները թվագրվում են 1346 թվականին: Ինչպես նա նշում է, հայտնի չէ, թե ինչպես են հրեաները հայտնվել այստեղ և ինչպես անհետացել: