Մեծ Բրիտանիայում 14 ամիս անց վերջապես թույլ են տվել տուն տանել երեխային, որի սիրտը մարմնից դուրս է գտնվում (Photo)


12:30 , 8 փետրվար, 2019

Բրիտանացի փոքրիկը, որը սիրտը կրծքավանդակից դուրս է ծնվել, վերջապես դուրս է գրվել հիվանդանոցից։
Վանելոփ անունով աղջնակը ծնվել է 2017թ.-ի նոյեմբերին և կյանքի առաջին 14 ամիսներն անցկացրել հիվանդանոցում բժիշկների խիստ հսկողության տակ:

Երեխայի մոտ դեռևս ներարգանդային շրջանում սրտի էկտոպիա է ախտորոշվել: Այն ժամանակ երեխայի ստամոքսի մի մասն ու սիրտը մարմնից դուրս են զարգանալիս եղել: Շաբաթներ անց ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ստամոքսն իր տեղն է ընկել, իսկ սիրտը շարունակել է զարգանալ մարմնից դուրս:

Ինչպես նշում է պարբերականը, նման ախտորոշում ունեցող երեխաների ապրելու հավանականությունը 10% է, սակայն փոքրիկ Վանելոփը ոչ միայն ողջ է մնացել, այլև նրա վիճակն այնքան է բարելավվել, որ ծնողները նրան տուն տանելու թույլտվություն են ստացել:

Երեխայի ծնողների խոսքով՝ փոքրիկն արդեն հարմարվել է տանը: Նրանք այդ ամենը հրաշք են համարել և ասել, որ պարզապես ցանկանում են վայելել իրենց երեխայի հետ ամեն պահը՝ առանց ապագայի մասին մտահոգվելու:
Չնայած դուրս գրվելուն՝ երեխան մշտական խնամքի կարիք կունենա, ինչի համար արդեն հերթափոխով աշխատող խնամակալներ են վարձել:

Երեխաների ինտենսիվ խնամքի խորհրդատու Պատրիկ Դևիսն ասել է, որ Վանելոփի դեպքը խիստ հազվադեպ երևույթ է, և որ նրան խնամելն իրենց թիմի համար մեծ փորձ է եղել:

Բժիշկները երեխայի համար հատուկ «վահան» են պատրաստել, որը պաշտպանում է կրծքավանդակից դուրս գտնվող նրա սիրտը: