Այսօր կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կառավարության 2019 թվականի ծրագիրը: Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ վարչապետի առաջարկով ծրագիրը քվեարկության չներկայացվեց՝ խմբագրական բնույթի լրացումներ կատարելու համար:
Ծրագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ասաց, որ մաքսիմալ մշակել են առաջարկները: «Ստացանք շատ լավ ծրագիր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ընթացքում եղել են որոշակի քննարկումներ: «Դա մեզ օգնեց արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգն ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա:
Վարչապետն ավելացրեց, որ շուտով կներկայացնեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը:
Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: