Գերմանիան ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողին հանձնում է Թուրքիային․ Վաշինգտոնը ափսոսանք է հայտնում


19:40 , 7 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը խորը ափսոսանք է հայտնել ամերիկացի իրավապահների կողմից հետախուզվող Ադեմ Յըլմազին Թուրքիային արտահանձնելու՝ Գերմանիայի որոշման կապակցությամբ:

Յըլմազին 2015-ին Նահանգներում մեղադրանք էր առաջադրվել Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին ամերիկյան զինուժի վրա հարձակվելու, դրանից առաջ էլ՝ մահապարտ ահաբեկչին աջակցելու համար, որի իրականացրած պայթյունից զոհվել էին ամերիկացի զինվորներ:

«Խորապես ցավում ենք, որ Գերմանիան որոշել է վտանգավոր ահաբեկչին տալ Թուրքիային և ոչ թե արտահանձնել Միացյալ Նահանգներին, որտեղ նա արդարադատության առջև կկանգներ ամերիկացի զինվորների սպանության համար», - հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազը՝ հավելելով․ - «Դրանով Գերմանիայի կառավարությունը ոտնահարել է միջազգային պարտավորություններն ու սասանել օրենքի գերիշխանությունը»: