Չինացին բանկից մեկ միլիոն դոլար է գողացել, քանի որ բանկոմատները կեսգիշերին չեն գրանցել հանձնված գումարը


21:15 , 7 փետրվար, 2019

Չինացի ծրագրավորող Ցին Ցիշենը 7 միլիոն յուան է հանել Huaxia Bank-ի բանկոմատների խոցելիության պատճառով: Բանկը գումարի անհետացումը չի նկատել մեկ տարուց ավելի՝ տեղեկացնում է South China Morning Post-ը և Daily Economic News-ը։

ԶԼՄ-ները պարզել են, որ նա որպես ավագ ծրագրավորող աշխատել է այն բանկի զարգացման բաժնում, որտեղից գումար է գողացել: Նա հայտնաբերել է խոցելիությունը, որով Huaxia Bank-ի բանկոմատներում կեսգիշերին չի գրանցվում կանխիկի դուրսգրումը: Ցիշենը գումարը փոխանցել է կեղծ հաշվեհամարին, որ բանկը օգտագործել է փորձարկման համար, այնուհետև այն փոխանցել է սեփական հաշվին:

Երբ բանկը բացահայտել է խոցելիությունը, դիմել է ոստիկանություն: Այնուհանդերձ, տղամարդը վերադարձրել է ամբողջ գումարը, և կազմակերպությունը ոստիկանությանը խնդրել է փակել գործը: Բանկը համաձայնել է Ցիշենի ներկայացրած արդարացմանը, որի համաձայն՝ ինքը զբաղվել է անվտանգության համակարգերի փորձարկմամբ և այդ վերադարձնելու նպատակով էլ պահել է գումարը: