«Դեռևս այնպես չի եղել, որ գումարի պատճառով հրաժարվեմ առաջարկից». Էրմինան՝ «Ոսկե դպրոցի» ավարտի և նոր նախագծի մասին


16:45 , 7 փետրվար, 2019

Շուրջ երկու տարի տևած «Ոսկե դպրոց» նախագիծը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Դերասանուհի Էրմինա Զախարովայի համար սա առաջին նախագիծն էր, որի հետ կապված դրական հիշողություններ ունի: BlogNews.am-ի հետ զրույցում Էրմինան խոսել է նոր առաջարկի, իր ցանկացած կերպարի մասին: 

«Շատ ուրախ եմ, որ իմ առաջին նախագիծը եղավ հենց «Ոսկե դպրոցը»: Այն ինձ համար մեծ փորձառություն էր՝ ինչպես աշխատել տեսախցիկի հետ, ինչպես ճիշտ մատուցել հումորը, ինձ սկսեցին ճանաչել: Շատ ոգևորված էի, որ առաջին անգամ ինձ տեսնելու էին հեռուստատեսությամբ։ Այս նախագիծն իմ կյանքում շատ մեծ տեղ ունի: Շատ ընկերներ եմ ձեռք բերել, ովքեր ինձ համար թանկ են, և նրանց հետ մինչև հիմա պահում եմ կապս։ Վաչեն, բացի մեր պրոդյուսերը լինելուց, եղել է մեզ ընկեր, և եթե առաջարկներ ենք ունեցել, միշտ նրա հետ ենք քննարկել»:

Նախագիծը ճանաչում է բերել երիտասարդ դերասանուհուն, ասում է՝ երևի չկա այնպիսի մի դերասան-դերասանուհի, ում դուր չի գալիս, որ ուշադրության կենտրոնում է. «Ինձ համար նորմալ է, որ դրսում կարող են քեզ շատ մարդիկ ճանաչել: Դա շատ հաճելի վիճակ է, թեկուզ եթե դու նախագծում բացասական կերպար ես խաղում: Մարդիկ քեզ տեսնում են դրսում լրիվ այլ կերպարով և հասկանում են, որ քո մարմնավորածը պարզապես կերպար է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ դա զուտ իմ կերպարն է, և ինձ Ինստագրամով գրում են․ «Վայ, ինչ վատն ես դու»»,- պատմում է Էրմինան և ավելացնում, որ բացասական մեկնաբանություններին շատ ուշադրություն չի դարձնում, քանի որ իրեն ճանաչողները գիտեն, թե ինչպիսին է իրականում:   

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի չորրորդ կուրսում սովորող Էրմինան նշում է, որ ուսանողի համար շատ կարևոր է իմ մասնագիտությամբ աշխատելը. «Շատ կարևոր է, որ քո սովորածով կարողանում ես գումար վաստակել, մանավանդ, երբ այդ ամենը սիրելով ես անում»:

Էրմինան հիմա ներգրավված է Վաչե Թովմասյանի նոր՝ «Կուկուռուզ» նախագծում, որը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Նախագծում «Ոսկե դպրոցի» այլ մասնակիցներ ևս կան: Մի քանի սերիայում զբաղված եմ, բայց չեմ ուզում շատ փակագծեր բացել: Այստեղ կերպարս շատ փոփոխական է լինելու: Ինձ համար շատ հետաքրքիր նախագիծ է, որի նմանը դեռևս չի եղել հայկական հեռուստատեսությամբ»:  

Հայտնիությունը փոխում է շատ դերասան-դերասանուհիների պահանջած հոնորարների չափը: Այս թեմայի մասին խոսելով՝ դերասանուհին նշում է. «Իրականում ճիշտ վարձատրությունը դերասանի համար շատ կարևոր է, այդպես դու զգում ես, թե ինչպես են գնահատում քո աշխատանքը: Դերասանի  աշխատանքը բարդ է, և այն պետք է լավ վարձատրվի: Դեռևս այնպես չի եղել, որ գումարի պատճառով հրաժարվեմ առաջարկից: Եթե լավ գեղարվեստական ֆիլմ լինի, որի գաղափարն ինձ շատ դուր կգա, միանշանակ, գումարին այդքան էլ կարևորություն չեմ տա»:

Դերասանուհին ունի տարբերվող արտաքին, բայց նշում է, որ լավ կերպարի համար կարող է կտրուկ փոփոխության էլ գնալ. «Ինձ համար ամենաբարդը մազերիս գույնը փոխելն է, բայց, իհարկե, այդ քայլին կգնամ, եթե հասկանամ, որ դա կօգնի իմ մասնագիտության մեջ առաջ գնալ: Յուրաքանչյուր փոփոխություն կանեմ՝ բացի պլաստիկ միջամտությունից»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի