Աշխարհի հնագույն ռեստորանը, որը գտնվում է Իսպանիայում


21:00 , 7 փետրվար, 2019

«Բոտին» ռեստորանը (Sobrino de Botin) Գինեսի ռեկորդների գրքում է ընդգրկվել՝ որպես ամենահինն աշխարհում։ Այն բացվել է 1725 թ. իսպանական Բոտին ընտանիքի կողմից։ Նույն տարում այդ հաստատությունում վառարան տեղադրեցին, որը շատ լավ գործում է մինչ օրս։

Նախապատմություն

Մինչև XVIII դարի սկիզբը Իսպանիայում գործում էր արգելք գինու և մսի վաճառքի վրա սննդի մատակարարման հանրային վայրերում։ Նման օրենք ընդունվել էր, որպեսզի հեշտացնեն մթերքի վաճառականների տնտեսական պաշտպանությունը։ «Բոտինում» բոլոր կերակուրները պատրաստվում էին միայն այն մթերքներից, որոնք իրենց հետ բերում էին հաճախորդները։ 1765 թ. ռեստորանում աշխատում էր ամանա լվացող մի մարդ, որը հետագայում ողջ աշխարհին հայտնի դարձավ։ Խոսքը գնում է նկարիչ Ֆրանսիսկո Գոյեի մասին, որը «Բոտինում» իր աշխատանքի ժամանակ սպասում էր, որ իրեն կընդգրկեն Սան Ֆերնանդոյի կերպարվեստի թագավորական ակադեմիա։ Սակայն նկարիչն այդպես էլ չկարողացավ այնտեղ ընդունվել։

XIX դարում ռեստորանն անցավ Բոտինի կանանցից մեկի զարմիկին, քանի որ վերջինս երեխաներ չուներ։ Նոր սեփականատիրոջ անունը Կանդիդո Ռեմիս էր։ Ռեստորանը, որն այն ժամանակ պանդոկ էր համարվում, հենց այդպես էլ սկսեցին կոչել՝ «Բոտինի զարմիկ» («Sobrino de Botin»): XX հարյուրամյակի սկզբին ռեստորանը տնօրինում էր Գոնսալես ընտանիքը։ Ռեստորանն ինքնին գտնվում էր շինության առաջին հարկում, իսկ վերին հարկերում սեփականատերերի տներն էին տեղակայված։ «Բոտինի» անձնակազմը կազմված էր 7 աշխատակցից՝ ներառյալ տերերին և նրանց երեխաներին։

Պատերազմ

Իսպանիայում քաղաքացիական պատերազմը շարունակվեց 1936-1939 թթ.։ Ներպետական հակասությունը ազդեցություն ունեցավ նաև «Բոտինի» գործունեության վրա։ Ռեստորանի տիրուհին իր երեխաների հետ տեղափոխվեց՝ ապրելու գյուղում, մինչև որ ամեն ինչ կկարգավորվեր, իսկ ընտանիքի տղամարդը շարունակում էր ղեկավարել ռեստորանը, որը 3 տարում վերածվեց զինվորների համար նախատեսված ճաշարանի։ Պատերազմի ավարտից հետո «Բոտինի» ղեկավարումն անցավ Գոնսալես ընտանիքի երեխաներին։ Հենց նրանք ռեստորանը դարձրին այնպիսին, ինչպիսին այն կա այսօր։

Խոհանոց

Այժմ «Բոտինը», աշխարհի հնագույն ռեստորանը, մասնագիտացված է կաստիլյան խոհանոցի մեջ։ Այցելուներին առաջարկում են խոզի կամ գառան մսից պատրաստված ուտեստներ։

«Բոտինում» կարելի է նաև փորձել ապուր, որն անվանել են ռեստորանի հիմնադրի անունով։