Փորձագետները գնահատել են տեսարժան վայրերի ազդեցությունը մերձակա բնակարանների արժեքի վրա. Daily Mail


07:43 , 7 փետրվար, 2019

Տուրիստական տեսարժան վայրերն ազդում են դրանց մերձակա բնակարանների արժեքի վրա: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Փորձագետները գնահատել են աշխարհի ամենամեծ հաճախելիությունն արձանագրած տեսարժան վայրերի ինֆլյացիոն Էֆեկտը և պարզել, թե որքան թանկ արժե դրանց մերձակայքում, օրինակ, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ապրելը:

Պարզվել է, որ գնորդները, որոնք ցանկանում են ապրել Hollywood հայտնի նշանի մերձակայքում, պետք է պատրաստ լինեն ներդնել մեկուկես միլիոն և ավելի դոլար, ինչը 1057 տոկոսով ավելի է Լոս Անջելեսի ցանկացած այլ անկյունում գտնվող բնակարանի արժեքից:
Այն տեսարժան վայրերի ցուցակում, որոնք առավել ուժեղ են ազդում անշարժ գույքի արժեքի վրա, երկրորդ տեղն զբաղեցրել է Բուրջ Խալիֆա երկնաքերը: Նրա բարձրությունը 828 մետր է: Դուբայի խորհրդանիշներից մեկի հարևանությամբ բնակարանը 687 տոկոսով ավելի թանկ է նստում, քան քաղաքի մեկ այլ վայրում՝ 1 մլն դոլարից փոքր-ինչ ավելի:

Ցուցակի երրորդ հորիզոնականում է Վաշինգտոնի հուշարձանը: Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև գտնվող 169 մետր բարձրությամբ կոթողի մերձակա բնակարանները 678 տոկոսով ավելի թանկ արժեն, քան Վաշիգնտոնի որևէ այլ վայրում, խոսքը գրեթե երկուսուկես միլիոն դոլարի մասին է:

Նաև ցուցակում տեղ են գտել, օրինակ՝ Սիդնեյի օպերային թատրոնը (այն մերձակա անշարժ գույքի արժեքն ավելացնում է 459 տոկոսով), Էյֆելյան աշտարակը (բնակարանի գինն ավելացնում է 334 տոկոսով), Բիլբաոյի Հուգենհեյմի թանգարանը (+171 տոկոս), Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը (+264 տոկոս) և ուրիշներ:

Միակ տեսարժան վայրը, որի մերձակայքում գտնվող բնակարանները փոքր-ինչ ավելի էժան են, քան քաղաքի մյուս շրջաններում, Հռոմի Կոլիզեյն է: Ճիշտ է, գնի տարբերությունն ընդամենը 0,1 տոկոս է: