Ներկայացվեց կառավարության ծրագիրը. վարչապետի առաջարկով այն քվեարկության չդրվեց


14:11 , 6 փետրվար, 2019

Այսօր ներկայացվեց կառավարության հինգ տարվա ծրագիրը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը: «Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ արժե արձանագրել, որ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա: «Այս առումով բավարար չափով ներառական է, բայց կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինխրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն մաքսիմալ պարզ»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ներառականությունը և մասնակցությունը շատ ընդարձակ են, խմբագրական բնույթի խնդիրներ ունեն, որ կհասցնեն ամփոփել և մինչև ամսի ութը խմբագրած տարբերակը կուղարկեն ԱԺ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ ծրագիրը «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա է կազմվել:

Վարչապետն առաջակեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և վերջնական տեսքի բերել: Այսպիսով՝ վարչապետի առաջարկով հարցը քվեարկության չդրվեց:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բարձրացրեց դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը, և վարչապետն այդ առումով կարևորեց վեճերի լուծման այլընտրանքային համակարգի ներդրումը, առավել ևս՝ տնտեսական ոլորտում դրա առանձնակի անհրաժեշտությունը:

Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները,

2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),

3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն)

4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր)

5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),

7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: