ՀԴՄ սարքի հետ առնչություն չունեցող հարկատուները համաձա՞յն են, որ իրենց վճարած հարկերից պոպուլիստական նպատակներով հատկացումներ արվեն


13:30 , 6 փետրվար, 2019

Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց, որ վարչապետի կաբինետում որոշվել է, որ տնտեսվարող սուբյեկտները ՀԴՄ տպող նոր սարքերը կարող են ձեռք բերել ոչ թե 160.000 դրամով, այլ 60.000 դրամով։

Անշուշտ, լավ է, որ տնտեսվարողների համար սարքի գինն իջեցվում է, բայց դա ոչ թե բարի թագավորի նվերն է բիզնեսին (ինչպես ներկայացրեց ագիտպրոպը), այլ հարկատուներիս հաշվին արված լավություն։

Բանն այն է, որ ՀԴՄ տպող սարքերի գնային տարբերությունը փոխհատուցվելու է բյուջեից, այսինքն՝ նույն բիզնեսի ու բիզնեսով չզբաղվող ՀՀ մյուս, այդ թվում՝ հպարտ քաղաքացիների վճարած հարկերից։

Հիմա հարց՝ ինչպե՞ս է որոշվել, որ պետությունը պետք է սուբսիդավորի ՀԴՄ-ների գնի տարբերությունը, այլ ոչ թե, օրինակ, թոշակ կամ աշխատավարձ բարձրացնի կամ այլ հարց լուծի։ Ինձ սկզբունքն է հետաքրքրում տվյալ դեպքում, նաև որոշումների կայացման փիլիսոփայությունը։

Բիզնես չունեցող կամ ՀԴՄ սարքի հետ չառնչվող հարկատուները համաձա՞յն են, որ իրենց վճարած հարկերից կոնկրետ ուղղությամբ ու նաև պոպուլիստական նպատակներով հատկացումներ արվեն։

Բիզնեսին աջակցելը վատ բան չէ, բայց պետք է հասկանալ, թե ո՞ր սկզբունքով է աջակցությունը, թե չէ մի կողմից ՀԴՄ սարքի գին սուբսիդավորել, իսկ մյուս կողմից, ասենք, փաստաբաններին ու հաշվապահներին շրջանառության հարկի դաշտից մտցնել ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտ, բացարձակապես անհասկանալի է։ Մեկից վերցնել ու մյուսին լավություն անելը, արանքում էլ քարոզվելն անընդունելի են։