Սարդ-մարդու մասին մուլտֆիլմն Annie Awards մրցանակ է ստացել


07:45 , 6 փետրվար, 2019

«Սարդ-մարդը. աշխարհների միջով» մուլտֆիլմը Annie Awards մրցանակի դափնեկիր է դարձել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» հիմնական կատեգորիայում: Պարգեւների հանձնման 46-րդ արարողությունը, որոնք լավագույն մուլտիպլիկացիոն աշխատանքներին շնորհվում են տարվա արդյունքներով, տեղի է ունեցել Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):

Ռեժիսորներ Բոբ Պերսիչետտիի, Փիթեր Ռեմզիի եւ Ռոդնի Ռոթմանի այս ժապավենը, որը հիմնված է կոմիքսների վրա եւ ԱՄՆ-ի վարձույթ է մտել 2018 թվականի դեկտեմբերին, պատմում է ոչ թե մեկ Սարդ-մարդի, այլ տարբեր աշխարհներից «սարդային» գերունակություններով օժտված միանգամից մի քանի գերհերոսների մասին, որոնք հարկադրված են միավորվել ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար: Կինոնկարը շուրջ 350 մլն դոլարի չափով դրամական մուտքեր է ապահովել եւ արդեն ստացել է «Ոսկե գլոբուս», ինչպես նաեւ «Օսկար»-ի է անվանակարգվել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում:

Ընդամենը «Սարդ-մարդը. աշխարհների միջով» կինոնկարը ստացել էAnnie յոթ մրցանակ, ներառյալ պարգեւը գլխավոր՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Բացի այս կոմիքսից, 2018 թվականի լավագույն մուլտֆիլմի կոչմանը հավակնում էին նաեւ «Վայրի նախնիներ», «Շների կղզին», «Ռալֆը Համացանցի դեմ», «Սուպերընտանիք 2» ժապավենները:

Անկախ կինոստուդիայի կողմից թողարկված տարվա լավագույն մուլտֆիլմ է դարձել ճապոնացի ռեժիսոր Մամորու Հոսուդայի «Միրայն ապագայից» ժապավենը, որը պատմում է փոքրիկ մի տղայի ու նրա քրոջ մասին, որոնք հայտնվել են կախարդական աշխարհում: Այդ կինոնկարը նույնպես այս տարի անվանակարգվել է «Օսկար» մրցանակի:

Անիմացիոն կինոյի աշխարհում Annie-ն համարվում է «նախաօսկարյան» տրամադրությունների շատ ստույգ բարոմետրը: Շատ դեպքերում ժապավենները, որոնք պարգեւատրվել են այս մրցանակով, արդյունքում նաեւ «Օսկար» են ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: