Պաշտոնական Բաքուն հրաժարվում է իր զինծառայողից և մեղադրում պետության դավաճանության մեջ


02:46 , 6 փետրվար, 2019

2017 թվականի փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերի հատվածում Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում գերեվարվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլման Հուսեյնզադեն: ՊԲ հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր։ Հուսեյնզադեն դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:

Այս ընթացքում ադրբեջանական կողմը որոշել էր հրաժարվել իր զինծառայողից՝ չնայած այն հանգամանքին, որ նրա ծնողները ժամեր անց հարցազրույց էին տվել ու հաստատել, որ իրենց որդին գործող զինվորական է: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում էր, որ նա նախկին զինվորական է ու սահմանը անցնելու պահին չի հանդիսացել ԱՀ ԶՈւ զինծառայող:

Երկու տարի կալանքը կրելուց հետո Հուսեյնզադեն Շուշիի բանտից տեղափոխվել է Երևան ու պաշտոնական տվյալներով՝ նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան:

Պատճառն, իհարկե, հասկանալի է: Սեփական պետության համար հանցագործության գնացած զինվորականին ամենադժվար պահին պետությունը լքել էր՝ հերիք չէ, մի հատ էլ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ու նրան համարում են պետության դավաճան: Էդքանից հետո էլ ո՞վ կցանկանար վերադառնալ իր երկիր: Հուսեյնզադեն ցանկացել է մեկնել երրորդ երկիր:

Մենք ու ադրբեջանցիները նաև նման հարցերով ենք տարբերվում իրենցից: Երբ տարիներ առաջ մեր զինվորականը պատահական անցել էր սահմանն ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական կողմը նախ բեմադրված հարցազրույց էր կազմակերպել, որտեղ հայ զինվորը բողոքում էր Հայաստանից, հետո իբր նա հրաժարվել էր վերադառնալ Հայաստան, ու տարածում էին, թե զինվորը գնալու է երրորդ երկիր: Սակայն մենք ոչ թե հետախուզում հայտարարեցինք ու հրաժարվեցինք մեր զինվորից, այլ պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարվեց, որ այդ զինվորի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվի, ու նա ցանկացած պահի կարող է հանգիստ վերադառնալ հայրենիք: Ու որոշ ժամանակ անց հենց այդ երրորդ երկրից մեր զինվորը վերադարձավ: