ՆԱՍԱ-ի գիտնականները պատմել են Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված նոր հրաբխային կղզու մասին


05:13 , 6 փետրվար, 2019

ՆԱՍԱ-ի մասնագետները պատմել են Խաղաղ օվկիանոսի Հունգա Տոնգա-Հունգա Հաապայ նոր կղզու առաջին հետազոտությունների մասին։

Կղզին առաջացել է հրաբխային ակտիվությունից հետո, և ի տարբերություն մնացած նմանատիպ կղզիների՝ մի քանի ամիս անց չի անհետացել։

Կղզին առաջին անգամ նկատել են 2014 թվականին, երբ ժայթքել է խաղաղօվկիանոսյան ստորջրյա Հունգա-Տոնգա հրաբուխը։ Այդ ժամանակ արբանյակային լուսանկարների վրա հայտնվել է ցամաքի մի կտոր, որը գտնվում էր Տոնգայից 45 կմ հյուսիս-արևմուտք։

Վերջին 150 տարվա ընթացքում նմանատիպ 3 կղզի է կարողացել դիմանալ 3 ամսից ավելի և չանցնել ջրի տակ։ Սակայն Խաղաղ օվկիանոսի նոր կղզին գերազանց է իրեն դրսևորում և արդեն մի քանի տարի է՝ մնում է իր տեղում։

2018 թվականին ավարտին ՆԱՍԱ-ի գիտնականներն այցելել են Հունգա Տոնգա-Հունգա Հաապայ կղզի և ուսումնասիրել կղզու բնությունը։ Պարզվել է, որ արբանյակային լուսանկարներն այդքան էլ ճիշտ չեն ցույց տվել կղզու ռելիեֆը։

Պարզվել է, որ ռելիեֆն ավելի բարձր է, քան երևում է լուսանկարներում։ Կղզու վրա արդեն հասցրել են բնակություն հաստատել տարբեր թռչուններ, ինչպես նաև աճել են որոշ բույսեր։

Ցավոք սրտի, էրոզիան և տեղումները թույլ չեն տա, որ կղզին գոյատևի տասնամյակներ։ Գիտնականները նշում են, որ ներկայումս ալիքները գրավել են հարավային ափի մեծ մասը։

Հետազոտության ժամանակ ՆԱՍԱ-ի մասնագետները վերցրել են մի շարք նմուշներ, որոնք ցույց են տվել, որ կղզուն մնացել է 6-30 տարվա կյանք։