Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը. վերջինն էլ հայտնվել է դաշտում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց


19:50 , 5 փետրվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Գոռ Համբարձումյանի վարած Nissan X-Trail մակնիշի 80 GG 083 համարանիշի և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍN 622 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից Գ. Համբարձումյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ա ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանն ու Գերասիմ Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները մեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանում տեղի չունենա:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Nissan-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել դաշտում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: