Իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար


13:48 , 5 փետրվար, 2019

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։

Իշխանասեր մամուլն առանց ուսումնասիրելու բուն զեկույցը փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունն այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։

Եվ այսպես՝
1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։
2. Ընտրություններին վերաբերող գնահատականն աճել է ընդամենը 2 միավորով (6՝ 12-ից)՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի վերջին երկու ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։
3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։
4. Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածն ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։

Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար։