Մենք ուղղակի կկորչենք, եթե մեր կրթության համակարգն ու որակը, դասավանդվող առարկան ու դրա բովանդակությունը ներծծվեն ծնողների դիրքորոշումներով


05:44 , 5 փետրվար, 2019

Կրթության ոլորտի երկու քննարկվող թեմաների վերաբերյալ կարծիքս.

1. Եկեղեցի-դպրոց

- Եկեղեցին պետության կառավարման գործում անելիք չունի, բայց հոգևորականի հետ շփումը պահանջում է ավելի կոռեկտ մոտեցում։
- Հայ եկեղեցու պատմություն առարկան պիտի դասավանդվի մեր դպրոցներում հայոց պատմություն առարկայի շրջանակներում կամ առանձին (անկախ պետության վրա միջնադարում ու վերածննդի ժամանակահատվածում նրա ունեցած ազդեցությունից, սա ևս պատմություն է)։
- Քարոզի և դասավանդման միջև թող գծվի հստակ սահմանում՝ ստուգելի, չափելի, վերստուգելի (դպրոցում մենք ֆիզիկայի ուսուցիչ ունեինք, որ քարոզի էր հասցնում իր յուրաքանչյուր դաս։ Իսկ բուհում որոշ դասավանդողներ քարոզում, պաշտամունքի առարկա էին դարձնում ընդհուպ որոշ գիտնականների։ Միգուգե անալոգիան շատ տեղին չէ հոգևորականի մասով, բայց չափելիություն պետք է)։ Սրանից հետո ուզում եք, թող վերապատրաստված ուսուցիչները դասավանդեն առանց հոգևորականի ներկայության։
- Այո՛, կրթական պրոցեսը եռակողմ է՝ ուսուցիչ-աշակերտ-ծնող։ Բայց, ներեցեք, մենք ուղղակի կկորչենք, եթե մեր կրթության համակարգն ու որակը, դասավանդվող առարկան ու դրա բովանդակությունը ներծծվեն ծնողների դիրքորոշումներով, որոնց մի մաս տաշի-տուշին չի զատում երաժշտությունից, համակարգիչը՝ կահույքից, երեխային՝ «դարդից», կրթությունը՝ փողից և գիտելիքը՝ կիրթ լինելուց։

2. ԵՊՀ 450 հոգու մասին

- Վատ աշխատող մարդու պատճառով հաստիք չեն կրճատում։ Փող խնայելու համար ևս հաստիք չեն կրճատում։ Կրթության վրա խնայողը տասնապատիկ վճարելու է կյանքի համար կարևոր այլ ոլորտներում։
- ԵՊՀ-ից 450 մարդու/հաստիքի կրճատումը խիստ հիմնավորում է պահանջում։ 
- Մենք դեռ սրանից 20 տարի առաջ էինք գոռում, որ դեղնած թղթերով ու 1973 թվականի գիտելիքներով դասախոսներ մենք չենք ուզում։ Բայց նաև մենք դեռևս «թվերի վրա նստած» պետություն ենք։ Հազար թիվ կարող ենք նկարել հաշվետվություններ ներկայացնելիս։ Բայց դեռ չունենք դասախոսի արտադրողականության հստակ ու օբյեկտիվ չափիչներ (ասենք՝ դասախոսամետր) ու չափողներ, որպեսզի հստակ գնահատենք նրանց պիտանիությունը կամ անպիտանությունը։

Կրթության հետ զգույշ է պետք լինել։ Այս համակարգը թեև շնչող ու դինամիկ, բայց որոշակի ռիգիդություն ունի։ Հարգել է պետք այդ ռիգիդությունն ու տեսնել 15-20 տարի հետոն, ոչ միայն ներկա «անհրաժեշտությունը»։