Փոստատարը լողազգեստով ծանրոցը առաքելու փոխարեն պատահաբար ոսկիներով լի ծանրոց է առաքել


04:11 , 5 փետրվար, 2019

Ֆրանսիական Վան քաղաքի բնակիչ Ժյուլյեն Շանյոյին պատահաբար սխալ ծանրոց են ուղարկել, որի մեջ ոսկի է եղել։ Այս մասին հաղորդում է Le Point-ը։

Արձակուրդի նախօրեին 27-ամյա Շանյոն իր կնոջ համար լողազգեստ է պատվիրում, սակայն այդ օրը ֆրանսիացուն առաքված բոլոր փաթեթներն իրեն տարօրինակ են թվացել։

Բացելով ծանրոցը՝ տղան հայտնաբերում է 20-րդ դարի մանրադրամներ, ոսկե ձուլակտորներ՝ 20-50 գրամ քաշով։ Ոսկու ընդհանուր քաշը կազմել է 700 գրամ, իսկ նրա արժեքը՝ մոտավորապես 20 հազար եվրո։

Փոքրիկ և ոչ ծանր ծանրոցի վրա գրված հասցեից պարզ է դարձել, որ ծանրոցի իրական սեփականատերը Շանյոյից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է ապրում, սակայն տղան չի կարողացել հանձնել ծանրոցը, քանի որ սեփականատերը տանը չի եղել։ Շանյոն ոսկիները տարել է ոստիկանություն՝ իրական տիրոջը հանձնելու համար։

Մանրադրամների և ձուլակտորների հետագա ճակատագիրը հայտնի չէ։

Կնոջ համար պատվիրված լողազգեստն այդպես էլ չեն առաքել։