Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է 20 տարով երիտասարդացնել սիրտ-անոթային համակարգը


01:14 , 5 փետրվար, 2019

Արյունատար անոթները կարելի է երիտասարդացնել՝ ընդունելով միտոքոնդրիումային հակաօքսիդանտներ։ Այսպիսի երակացության են եկել Կոլորադոյի համալսարանի գիտնականները։

Գիտնականները 70-79 տարեկան 20 տարեց մարդու մասնակցությամբ հետազոտություն են իրականացրել։ Նրանց մի մասը 6 շաբաթվա ընթացքում օգտագործել է MitoQ հակաօքսիդանտ, որը թիրախավորում է միտոքոնդրիումները։ Մասնակիցների մյուս մասն ընդունել է պլացեբո։

Արդյունքում մասնակիցների մոտ նկատվել են անոթային փոփոխություններ, որոնք համարժեք են 15-20 տարի երիտասարդանալուն։ Մասնավորապես, անոթների աշխատանքը 42%-ով բարելավվել է։ Այսպիսի ցուցանիշները կարող են 13%-ով նվազեցնել սրտային հիվանդությունները։

Ինչպես նշում է գլխավոր հետազոտող Մեթյու Ռոսմանը, սա առաջին փորձարկումն է եղել, որը նպատակ է ունեցել գնահատելու միտոքոնդրիումների ազդեցությունը մարդու անոթների վրա։

Ռոսմանի խոսքերով՝ բուժման նմանատիպ մեթոդները կարող են զգալիորեն նվազեցնել տարիքային փոփոխության հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։