«Կոչ եմ անում կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը». Նաիրա Զոհրաբյան


14:40 , 4 փետրվար, 2019
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնելու հացադուլը և նորից փորձելու սկսել քննարկումներ մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղազարյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։

Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ կոչ եմ անում Հովհաննեսին դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից և սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը։