Եկեղեցու բացառիկությունն անվիճելի է


13:54 , 4 փետրվար, 2019

Վերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վարկաբեկող գործողություններ են իրականացնում: Այդ անձանց մեջ են ներառված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք (բացահայտ կամ ծածուկ), որոնք, հանրային վստահության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կապիտալով ոգևորված, մտածում են, որ այդ վարքագիծն էլ հավանության կարժանանա ժողովրդի կողմից:

Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ՝

- Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել,

- Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը,

- Նույնիսկ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել եկեղեցին:

Բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդն է գործում, միշտ լինում են սխալներ: Բացառություն չէ նաև կրոնական ոլորտը: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցում կան լուրջ բացթողումներ ունեցող կրոնականներ: Բայց դա աշխարհիկ իշխանությանը իրավունք չի տալիս վերացնելու եկեղեցին: Եկեղեցին իր մեջ իր խնդիրները կլուծի, քանի որ ունի ինքնամաքրման համակարգ:

Ի պատիվ մեր ժողովրդի՝ եկեղեցու բացառիկությունը ճանաչված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, հետևաբար այդ բացառիկությունը հերքող որևէ գործողություն հարված է եկեղեցուն և ժողովրդին:

Որպես քաղաքացի կոչ եմ անում այդ պաշտոնատար անձանց՝

- Հեռու մնացեք եկեղեցուց և ճանաչեք եկեղեցու բացառիկությունը,

- Հիշեք, որ պետությունները չեն կարողացել եկեղեցուն ոչնչացնել (եկեղեցուն չի կարող նույնիսկ դժոխքը հաղթել),

- Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը,

- Հիշեք, որ իր իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս չեկող քաղաքացին եկեղեցու պաշտպանության համար դուրս է գալու փողոց:

Որպես քաղաքացի՝ ես կանգնած եմ իմ եկեղեցու կողքին: