Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի վերաբերյալ ԱՄՆ հետախուզության տվյալները


00:54 , 4 փետրվար, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների պահպանման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության տվյալների իր կասկածների մասին:

Միացյալ Նահանգների առաջնորդի խոսքերով, նա, ընդհանուր առմամբ, հակված է վստահել հետախուզական ծառայությունների աշխատակիցներին, որոնց հենց ինքն է ուղարկել Իրան: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ եթե իրեն զեկուցեն Թեհրանի կողմից համաձայնագրի բոլոր պայմանների կատարման մասին, նա չի հավատա, քանի որ «այդ չարագործ երկիրը բազմաթիվ մարդկանց է սպանում»:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանը «խոշոր ֆինանսական խնդիրներ» ունի նախկին նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Ջոն Քերիի կողմից կնքված «իրանական միջուկային ահավոր գործարքից» Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո: