«Ինը անհայտները». խորհրդավոր միավորում, որը բոլորից գաղտնի էր պահում գիտությունները


21:00 , 2 փետրվար, 2019

Գաղտնի համայնքներ գոյություն են ունեցել մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում: Որպես կանոն, դրանց մասին շատ բան հայտնի չի լինում, քանի որ այդ համայնքները գաղտնի են գործում: Ամենախորհրդավորն ընդունված է համարել «Ինը անհայտներ» համայնքը: Այսօր այս եղբայրության մասին այնքան քիչ բան է հայտնի, որ գիտնականներն իրենք իրենց այս հարցն են տալիս՝ արդյոք իրականում այն գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ:

«Ինը անհայտների» մասին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. III դարում: Հնդկաստանի կառավարիչ Աշոկան Կալինգայի պետության և Մաուրիների կայսրության միջև արյունալի պատերազմից հետո սարսափի էր մատնվել՝ տեսնելով զոհերի թիվը: Այդժամ նա որոշեց, որ պատերազմի համար պարտադիր չէ զենք կիրառել: Հարկավոր է մարտնչել «սրտերով»: Նա արգելեց մարդկության դեմ օգտագործել զենք ասվածը: Իհարկե, Աշոկան լավ հասկանում էր, որ իր հրամանին հետևելը մարդկանց համար բարդ կլինի, այդ իսկ պատճառով նա գաղտնի համայնք ստեղծեց, որի նպատակը մարդկանց պաշտպանելն էր հենց իրենցից: Դա «Ինը անհայտների» սկիզբը դարձավ՝ գիտելիքի ու իմաստության գաղտնի պահպանյալների: Համայնքի հիմնական խնդիրը հետևելն էր այն բանին, որ պրոգրեսիվ մտքեր ու գաղափարները չհայտնվեն այն մարդկանց ձեռքերում, որոնք չար սիրտ ունեն և դրանք կօգտագործեն մարդկության դեմ:

Աշոկան խստորեն հետևում էր, որ գիտությունները, որոնք, նրա կարծիքով, մարդկությանը վնաս կարող էին հասցնել, գաղտնի պահվեին: Կառավարիչն անում էր ամեն հնարավորը, որպեսզի նրա կողքին լինեին ժամանակի ամենամեծ ուղեղները՝ աստղագետները, մոգերը, գիտնականներն ու փիլիսոփաները: Վերջիններս պարտավոր էին ուսումնասիրել գիտության բոլոր բնագավառները, սակայն հանրությունից գաղտնի պահեին իրենց գյուտերն ու հայտնագործությունները: Հարկ է նշել, որ Աշոկայի գաղափարին հավանություն էին տալիս շատերը:

Հարյուրամյակներ շարունակ «Ինը անհայտները» պահում էին զարգացող գիտությունները մարդկանցից՝ սպասելով այն պահին, երբ մարդկությունը պատրաստ կլինի դրանք ընդունելու ու տեղեկությունը ճիշտ օգտագործելու: Սակայն այդ միտքն իրագործելն այնքան էլ հեշտ չէր. մարդը մտածող էակ է, և նրա գիտակցությունը կարող է խաբեության մատնել անգամ ամենահզոր պահակներին: «Ինը անհայտների» միությանն այդպես էլ չհաջողվեց մարդկությանը պաշտպանել ո՛չ համաճարակներից, ո՛չ պատերազմներից:

Իսկ թե ովքեր էին այս միության անդամները՝ մինչ օրս մեծ գաղտնիք է: Վստահությամբ կարելի է ասել միայն, որ երբ ինչ-որ մեկը մահանում էր, նրա տեղն անհապաղ զբաղեցնում էր ոչ պակաս տաղանդավոր և գաղտնիքներ պահել կարողացող գիտնական:

Թալբոտ Մենդին 25 տարի շարունակ ծառայել է Հնդկաստանի բանակում: 1927 թ. հրատարակվել է նրա կիսավեպ-կիսահետազոտությունը: Այդ աշխատության մեջ տղամարդն ապացուցել է, որ «Ինը անհայտների» միությունն իրականում գոյություն ունի: Նա վստահեցրել է, որ կազմակերպության յուրաքանչյուր անդամ մի գրքի պահապան է եղել՝ նվիրված գիտության այս կամ այն ճյուղին: Եվ այդ գրքերը կարելի է համարել մարդկության պատմության ամենալիարժեք գիտական հավաքածուները:

Առաջին գրքում խոսքը գնում է հոգեբանական պատերազմ մղելու մեթոդիկայի և քարոզչության մասին: Ըստ Թալբոտ Մենդեի՝ այս գիրքն ամենավտանգավորն է բոլորից, քանի որ դրանում նկարագրվում է գիտություն, որը վերաբերում է շատ մարդկանց գիտակցության վերահսկմանը: Դրա օգնությամբ կարելի է ղեկավարել և վերահսկել ողջ աշխարհը: Երկրորդ գիրքը նվիրված է մարդու նյարդային համակարգին: Այն բովանդակում է նյարդային իմպուլսների մասին մի շարք տեղեկություններ: Տիրապետելով նման գիտելիքների՝ հնարավոր է սպանել մարդուն ընդամենը մեկ հպմամբ: Հաջորդ գրքում մանրամասնորեն նկարագրվում են մակրո- և միկրոբիոլոգիաները: Չորրորդ գիրքը նվիրված է քիմիային: Եթե դա ճիշտ է, ապա ալքիմիկների մասին պատմությունները, որոնք կարողանում են կապարը ոսկու վերածել, իսկապես որոշակի հիմքեր են ստանում: Հինգերորդ գրքի էջերում պատմվում է կապի միջոցների մասին՝ ինչպես ցամաքային, այնպես էլ արտերկրային: Մաթեմատիկայի և ֆիզիկայի, մասնավորապես՝ ձգողականության մասին կարող եք կարդալ վեցերորդ գրքում: Յոթերորդ գրքի էջերում խոսվում է լույսի մասին՝ էլեկտրական և արևային: Ութերորդը տիեզերքի մասին է, իսկ իններորդը նվիրված է մարդու էվոլյուցիային:

Մենդիի աշխատություն, ինչքան էլ որ գրավիչ լինի, չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ արդյոք «Ինը անհայտների» միությունն իսկապես գոյություն ունեցե՞լ է: Եթե այս ամենը ճիշտ է, ապա ցանկություն է առաջանում հավատալու, որ այդ համայնքը միգուցե կկարողանա մարդկանց փրկել պատերազմներից և բռնությունից: Իսկ եթե այս ամենը հորինվածք է, առասպել, որը հասել է մեր օրեր, ապա այն հստակորեն ցույց է տալիս ուղղություն, որով պետք է շարժվի մարդկությունը: