Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը


21:40 , 1 փետրվար, 2019

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական  բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ  նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել  խորացման  հարցում: 

Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային  կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարեւոր է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը: