Եռապատիկ պրեմիաներ՝ կառավարության որոշ պաշտոնյաների


17:00 , 1 փետրվար, 2019

168.am-ը գրում է.

Պետական համակարգում պարգևատրումների ֆոնին հաջորդ լուրը, որ սկսեց շրջանառվել հանրության շրջանում, Կառավարության աշխատակազմում վարչության պետերին 2018թ. հոկտեմբերին եռապատիկ անակնկալ պարգևատրման մասին տեղեկությունն էր:

168.am-ի հավաստի աղբյուրները պնդում են՝ երբ վարչության որոշ պետեր, անակնկալի եկած, փորձել են ներսում  հասկանալ՝ արդյո՞ք բոլորին է եռապատիկ պարգևատրում արվել, պարզել են, որ «ընտրված հաջողակներն» ընդամենը 7-8-ն են եղել: Բայց նրանց  ուրախությունը կարճ է տևել, քանի որ  հաջորդած օրը հետևել է հրահանգ՝ ակնարկի ձևով.  կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից ակնարկ է արվել՝ ցանկության դեպքում պարգևատրումից  մի որոշակի մաս պետերը կարող են մուտք անել «Իմ քայլը» հիմնադրամ՝ որպես նվիրատվություն:

Նշենք,  որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվություններից հանգանակված գումարով էր իրականացվել նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրությունների մարաթոնին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ծախսը գերազանցել էր մյուս քաղաքական ուժերին  առնվազն երեք անգամ: Հիշեցնենք,  հիմնադրամի նախընտրական մուտքերը կազմել էին 273 միլիոն 176 հազար  551 դրամ, խախսվել էր դրա՝ 268 միլիոն  590 հազար 708.9 դրամը, մնացորդը կազմում էր շուրջ 5 միլիոն դրամ:

168.am-ն օրեր առաջ հետևյալ հարցումն էր ուղարկել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

«1. 2018 թվականի երկրորդ կեսին Կառավարության աշխատակազմին աշխատավարձի հետ միաժամանակ փոխանցվե՞լ  են արդյոք հավելավճարներ կամ պարգևավճար:  Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել հավելավճար կամ պարգևավճար ստացած անձանց ցանկն ըստ հաստիքացուցակի և նրանց անվամբ արված փոխանցումների:

2. Իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն առ այն, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կառավարության աշխատակազմի վարչության պետերին փոխանցված աշխատավարձը եղել է կրկնապատիկ և մի քանիսինը եռապատիկ անգամ: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով է փոխանցել հավելյալ գումար կամ ինչո՞վ է հիմնավորվել կրկնակի անգամ արված աշխատավարձերի փոխանցումները, քանի՞սն են ստացել աշխատավարձին հավելյալ գումարներ (խնդրում ենք նշել գումարի չափը, հոդվածը, որով հիմնավորվել է, և տրամադրել նշված անձանց հաստիքացուցակը):

Հաստատո՞ւմ եք այն տեղեկատվությունը, որ Կառավարության աշխատակազմի մի քանի վարչության պետերին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և տարեվերջին փոխանցված հավելավճարներն առաջարկվել է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ կողմից հիմնադրված  «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին»:

Երեկ ՀՀ կառավարությունից ստացել ենք հետևյալ  պատասխանը.

«Ի պատասխան Ձեր 29.01.2019 թվականի էլեկտրոնային գրության, հայտնում ենք, որ 2018 թվականի երկրորդ կեսին վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին աշխատավարձի հետ միաժամանակ վճարվել են պարգևավճարներ։

Ինչ վերաբերում է հավելավճարներին, ապա դրանք դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և կամ ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում է և վճարվում է հիմնական աշխատավարձի հետ։ Վարչապետի աշխատակազմի աշխատակիցները նոյեմբերի ամսին պարգևատրում չեն ստացել, իսկ հոկտեմբերի ամսին պարգևավճարները վճարվել են աշխատակազմի բոլոր աշխատակիցներին աշխատավարձի հետ միասին՝ պաշտոնային դրույքաչափերի համամասնությամբ՝ 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։

Վճարումները իրականացվել են բացառապես ՀՀ պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսված աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ և 199-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Թեև կառավարությունից հերքում են աշխատակազմից «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցելու մասին մեր տեղեկատվությունը, այնինչ ԿԱ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ով, ըստ ԶԼՄ հրապարակումների՝ տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ էր տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները, հայտարարել էր, որ  տարեվերջին ստացած իր պարգևավճարն ամբողջությամբ՝ 500.000 դրամ, բարեգործական նպատակով փոխանցել էր «Իմ քայլը» հիմնադրամին: