Իտալական բնակավայրը 10 000 դոլար կվճարի նրանց, ովքեր այնտեղ կտեղափոխվեն և երեխա կունենան


12:08 , 1 փետրվար, 2019

Իտալիայի հյուսիսային Պիեմոնտ մարզում գտնվող Լոկանա գեղատեսիլ բնակավայրի իշխանությունները բնակչության թվի նվազումից, ինչպես նաև բնակավայրի ամայացումից խուսափելու համար 10 000 դոլար են առաջարկում այն ընտանիքներին, որոնք կհամաձայնեն տեղափոխվել այնտեղ և երեխա ունենալ։

Բնակավայրի քաղաքապետը՝ Ջովաննի Բրունո Մատիեն, նախ այս առաջարկով դիմել է Իտալիայում բնակվող իտալացիներին և օտարերկրացիներին, ապա, արձագանք չգտնելով, միջազգային հանրությանը:

Բնակչության կրճատման պատճառով լեռնային այս գողտրիկ բնակավայրում փակվել են շատ ռեստորաններ, խանութներ, բարեր, տեղի միակ դպրոցը նույնպես փակվելու վտանգի տակ է:

Հայտնի է, որ նախորդ դարի սկզբում Լոկանայի բնակչությունն ավելի քան 7000 է եղել, իսկ ներկայում այնտեղ 1500-ից պակաս մարդ է ապրում:

Վերջին շրջանում Իտալիայում մի շարք բնակավայրեր հանդես էին եկել նման առաջարկներով. դրանց նպատակը նույնն է՝ հնարավորինս շատ մարդ գրավել դեպի դատարկվող քաղաքներ:

Ցածր հարկերը, էժան ծառայությունները, տների մատչելի գները, կյանքի բարձր որակն ու բնությանը մոտ լինելու հեռանկարը շատ օտարերկրացի թոշակառուների համար այս վայրերն իդեալական են դարձնում: