ՀՀ վարչապետը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան


23:30 , 31 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:

«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներով հագեցած օրվանից հետո այս պահին ուղևորվում է Բեռլին, որտեղ արդեն փետրվարի 1-ին նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: