Facebook-ի օրական լսարանը հասել է 1.53 մլրդ մարդու


17:00 , 31 հունվար, 2019

Ամեն օր Facebook մտնող մարդկանց թիվը հասել է 1.53 միլիարդի: Այդ մասին վկայում է Facebook ընկերության, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, չորրորդ եռամսյակի և ամբողջ 2018 թվականի համար կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է հունվարի 30-ին: Ինչպես հետևում է փաստաթղթերից, 2018 թվականի դեկտեմբերին առնվազն 1.53 մլրդ մարդ օրական թեկուզև մեկ անգամ մտել է սոցցանց:

Այս ցուցանիշը տարվա ընթացքում աճել է 9 տոկոսով: Ընդ որում՝ նրանց թիվը, ովքեր Facebook-ից օգտվում են ամսական ոչ պակաս, քան մեկ անգամ, գերազանցել է 2.32 միլիարդը: Տարեկան աճը նույնպես կազմել է 9 տոկոս: Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2.7 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտագործում է իր ծառայություններց որևէ մեկը: Այդ ցուցակում, բացի Facebook-ից, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաև հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համար նախատեսված Messenger և WhatsApp հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են օրական թեկուզև մեկ անգամ, ընկերության տվյալներով՝ ավելի քան 2 միլիարդ են: Facebook-ը նաև հայտնել է, որ 2018 թվականի արդյունքներով զուտ շահույթը 1 բաժնետոմսի հաշվով հասել է 7.57 դոլարի կամ միագումար 22.11 մլրդ դոլարի: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 15.93 մլրդ դոլար: Ընդ որում՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում շահույթը կազմել է 6.88 մլրդ դոլար: Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, դա ռեկորդ է ընկերության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: