16:15 , 31 հունվար, 2019«Միսս Աշխարհ» մրցույթին Հայաստանը ներկայացրած Արենա Զեյնալյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչով է զբաղվում հիմա, ինչ առաջարկներ ունի: Գեղեցկուհին իր գործունեությունը ծավալում է հայրենիքում, օրվա հիմնական մասն անցկացնում է զարդերի դիզայնով զբաղվելով, ինչպես նաև նկարահանումներով, և չի մոռանում մարզվելու մասին:
«Հայաստանում մոդելինգով չեմ զբաղվում, պետք է անկեղծ ասել, որ այստեղ մոդելինգը զարգացած չէ: Շատ տեղ ունենք աշխատելու, իսկ ես շատ եմ սիրում իմ հիմնական աշխատանքը՝ զարդերի դիզայնը, փորձում եմ ավելի առաջ գնալ այդ ոլորտում, ստեղծել իմ սեփական բիզնեսը, զարգանալ, դրա համար այդքան էլ չեմ խորանում մոդելի աշխատանքում: Իհարկե, երբեմն նկարահանվելու առաջարկներ ստանում եմ: Հայաստանում հարմարվել եմ, ինձ համար բարդ չէ այստեղ ապրել: Ճիշտ է, կարոտում եմ ընկերներիս, բայց լավ է, որ հաճախ Թեհրան գնալու հնարավորություն կա»:

Արենան «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցրեց, բայց նշում է, որ դա նրան չի հուսահատեցրել. «Իրականում այնտեղ ամեն ինչ այնքան գունեղ էր և լեցուն: Գիտե՞ք՝ երբ մասնակիցը գնում է մրցույթի, այնտեղ չեն նայում՝ նա սիրուն է, տգեղ է, բարձրասակ է, թե ոչ, կարևորություն են տալիս, թե տվյալ երկիրն ինչպես է աջակցում իր մասնակցին, ինչ մեկնաբանություններ են գրում նրա մասին: Այդ առումով Հայաստանը թերանում էր, և հայկական ոչ մի հեռուստաալիք ցույց չի տվել «Միսս Աշխարհ» մրցույթը, անգամ գովազդ չեն արել, ավելին՝ չէին ճանաչում իրենց երկիրը ներկայացնող մասնակցին»:
Գեղեցկության մրցույթները հաճախ լավ հնարավորություն են աղջիկների համար մասնագիտական առաջարկներ ստանալու համար: Արենան անկեղծացավ, որ այդ ընթացում ոչ մի առաջարկ չի ստացել. «Կային աղջիկներ, ովքեր ուզում էին շարունակել մոդելի կարիերան, նրանք առաջարկներ ստացել են այլ երկրներից, բայց ես չեմ մտածում գնալ մի ուրիշ երկիր մոդելինգով զբաղվելու նպատակով»,- եզրափակեց Արենան։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի