Կատուն մի քանի րոպե պտտվել է լվացքի մեքենայի մեջ և ողջ մնացել


08:05 , 31 հունվար, 2019

Մեծ Բրիտանիայի բնակիչը լվացքի մեքենայով պատահաբար լվացել է կատվին։ Բարեբախտաբար, կենդանին ողջ է մնացել։ Ջեկի Մալենսը, չնկատելով, որ վեցամյա Գրեյսի կատուն քնած է լվացքի մեքենայի մեջ, նրա վրա հագուստ է լցնում և 20 րոպեով միացնում լվացքի մեքենան։ Մեքենան ամբողջությամբ լցվում է տաք ջրով։

Մի քանի րոպե անց 58-ամյա բրիտանուհին լսում է կատվի ձայնը։ Նա ողջ տան մեջ փնտրում է կատվին և միայն վերջում է հասկանում, որ կատվի ձայնը գալիս է լվացքի մեքենայի միջից։ Մալենսը միանգամից կանչում է ամուսնուն, ով անջատում է լվացքի մեքենան և այնտեղից հանում է թրջված կատվին։

Ամուսինները կատվին միանգամից տանում են անասնաբույժի մոտ։ Բժիշկը նրանց ասում է, որ, ամենայն հավանականությամբ, գիտակցությունը կորցրած կենդանին չի ապրի։ Բժշկի այդ խոսքերի հետ միաժամանակ կատուն ուշքի է եկել և մլավել։ Կնոջ խոսքերով՝ բժիշկը միանգամից լռել է և նրանց ուղարկել ուրիշ բժշկի մոտ։ Այնտեղ կատվին կաթիլային են միացրել և ամբողջ գիշեր հետևել նրա վիճակին։

Հաջորդ օրը կենդանուն դուրս են գրել, իսկ բրիտանուհին ստիպված է եղել 500 ֆունտ վճարել բժշկի ծառայությունների համար։ Նրա խոսքերով՝ կատուն իրեն շատ լավ է զգում, սակայն վախենում է լվացքի մեքենայից, մինչդեռ մինչ այդ կատուն երբեք չէր մտել լվացքի մեքենայի մեջ։