Հայտնի է հաճախ ալկոհոլ օգտագործելու նոր վտանգը


17:14 , 30 հունվար, 2019

Ռաթգերի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիրտային ընպելիքների չափից ավելի օգտագործումը, ինչպես նաև քրոնիկական ալկոհոլիզմը հանգեցնում են գեների ակտիվության երկարաժամկետ փոփոխությունների: Արդյունքում, մարդու մոտ ի հայտ է գալիս ալկոհոլից ավելի մեծ կախվածություն, հաղորդում է MedicalXpress-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են վարքի կարգավորմանը մասնակցող գեները՝ PER2 և POMC: Առաջինը պատասխանատու է մարմնի կենսաբանական ժամացույցի համար, իսկ երկրորդը ձևավորում է արձագանքը սթրեսին: Հետազոտությանը մասնակցել են չափավոր խմող, ինչպես նաև մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործող մարդիկ և ալկոհոլիկներ: Գիտնականները համեմատել են այդ խմբերի PER2-ի և POMC-ի մեթիլման ռեակցիաների մակարդակը, որի դեպքում ԴՆԹ-ին միանում են մեթիլյաին խմբեր, ինչն ազդում է գեների ակտիվության վրա:

Պարզվել է, որ հարբեցողության և ալկոհոլիզմի դեպքում նկատվում է մեթիլման բարձր մակարդակ, որը ճնշում է գեների աշխատանքը և նվազեցնում արագությունը, որով այդ գեները սպիտակուցներ են արտադրում: Օգտագործած ալկոհոլի քանակի ավելացմանը զուգահեռ մեծացել են այդ փոփոխությունները: Բացի դրանից՝ սթրեսային իրավիճակ պատկերող նկարներ դիտելուց հետո ալկոհոլի ձգտում ունեցող մարդիկ խմելու ավելի մեծ ցանկություն են ունեցել: