13:54 , 8 հունիս, 2013
Գորիսյան ողբերգությունն ու Լիսկայի հերթական հանցագործությունը ցնցեցին հայ հանրությանը, մեկ անգամ ևս խոտորեցին մեր վարկն ու հեղինակությունը... Բայց սա չի նշանակում, թե հանրային ուշադրության առանցքից դուրս է մնացել օֆշորային սկանդալը, որը կամենում են առնել ծխածածկույթի տակ` ձևական ու ոչինչ ասող նախաձեռնություններով հանդես գալով... Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը դատախազությանը, Նավասարդ եպս Կճոյանի պատվիրած հարցազրույցը, ոստիկանության լռությունն Աշոտ Սուքիասյանի հարցում և այլն` ապացուցում են, որ ցայտնոտային վիճակ է ստեղծվել, երկրի երրորդ դեմքն ու Այրարատյան Առաջնորդական թեմի փոխառաջնորդը «բռնվել» են մի հանցագործության մեջ, որն այլևս անհնար է պարտակել: Իհարկե, ակնկալիք չունենք, թե Սերժ Սարգսյանը խստագույն քայլերի կդիմի և կպարտադրի վարչապետին վերադարձնել երկրից հանված գումարներն ու հրաժարական տալ: Չենք ակնկալում, որովհետև նախագահն այդպես էլ չդատապարտեց Լիսկայի գործողությունները, այդպես էլ համարձակություն չունեցավ կանգնելու հայաստանցիների կողքին` իրենից վանելով քրեաօլիգարխիայի այն ներկայացուցիչներին, ովքեր զբաղված են երկրի թալանով և մարդկանց հարստահարումներով... Չենք հավատում, թե ամբողջապես ֆինանսական գործարքների մեջ թաղված Ամենայն Հայոց կաթողիկոսը կդատապարտի բարձրաստիճան հոգևորականին և նրան կարգալույծ կանի... Միամտություն կլիներ հավատալ նման «ռոմանտիկ» քայլերի: Իրավական լուծումների էլ չենք հավատում, որովհետև դատախազությունը ստացել է հանցագործության մասին հայտարարություն` ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների տեսքով և քար ու անտարբեր կեցվածք ընդունել... Ուրեմն, ո՞րն է ելքը, ինչպե՞ս հասնել այն բանին, որ տարիներ շարունակ բոլորիս ծաղրող ու հեգնող, Հայաստանի տնտեսությունը գետնաքարշ դարձրած վարչապետը հեռանա: Հայտարարություննե՞ր անել տնտեսության վատ վիճակի մասին` անօգուտ է, որովհետև օրեր առաջ ԱԽ նիստում երկրի նախագահը խոսեց մեր տնտեսական ձեռքբերումների մասին: Հանրահավաքնե՞ր կազմակերպել: Իմաստ չունի, որովհետև այսօր չկան այն ընդդիմադիր առաջնորդները, ովքեր կգլխավորեին նման շարժումը: Հետևաբար, դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին, իմ կրտսեր ու հասակակից լրագրողներին. պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցազրույցների և ասուլիսների տեսքով բացատրություն տալ կատարվածի մասին, պատասխանել փաստաթղթերով հիմնավորված բոլոր մեղադրանքներին, ներկայացնել հիմնավոր հակափաստարկներ: Ոչ թե հռետորական ելույթներ, ոչ թե անլուրջ դիմումներ դատախազությանը, այլ վստահելի փաստարկներ, որոնք կապացուցեն վարչապետի անմեղությունը: Եթե Տիգրան Սարգսյանին թանկ են իր անունը, իր տղամարդկային արժանապատվությունը, նա պարտավոր է այս ամենն անել: Չնայած, ավելի ճիշտ կլիներ, եթե անաղմուկ հեռանար ասպարեզից` մեկնելով Իսպանիա` իր «համեստ ապրող» ընտանիքի մոտ...