Հիշողությունը կորցրած աղջիկն իր փեսացուին «կրկին ու կրկին սիրահարվելու» հնարավորություն է ստացել


20:20 , 29 հունվար, 2019

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ճապոնուհի Մարույաման քանիցս կորցնում էր հիշողությունը եւ մոռանում իր փեսացուին, սակայն վերջինս կրկին ծանոթանում էր աղջկա հետ: Այդ մասին գրել է Oddity Central կայքը: Ինն ամիս առաջ 24-ամյա Մարույաման հեծանիվ քշելիս ընկել էր ավտոմեքենայի տակ:

Կոմայից դուրս գալով՝ աղջիկը չէր ճանաչել հարազատներին ու ծանոթներին, այդ թվում՝ իր ընկերոջը՝ Լի Հուայուին, որի հետ երկուսուկես տարի հանդիպում էր: Լին հույս ուներ, որ ժամանակի ընթացքում Մարույամայի հիշողությունը կվերականգնվի, սակայն վթարից երկու ամիս անց նա սկսել էր մոռանալ նույնիսկ այն, թե ինչ է տեղի ունեցել կոմայից դուրս գալուց հետո: Այնուհետեւ հիշողության կորուստը դարձել է ամենօրյա: Երբ աղջիկն առավոտներն արթնանում էր, նա չէր հիշում ոչ այն, թե իր հետ ինչ էր տեղի ունեցել նախօրյակին, ոչ էլ այն մարդկանց, որոնք նրան շրջապատում են: Պլանավորված հարսանիքն ստիպված էին հետաձգել, բայց Լին չէր հանձնվում: Նա ամեն օր Մարույամային պատմում էր իր մասին եւ նրան ցույց տալիս իրենց ծանոթության ապացույցները: Բացի այդ, բժշկի հանձնարարությամբ աղջիկն օրագիր էր պահում, ամեն օր վերընթերցում էր այն եւ վերականգնում կորած հիշողությունները: Մի անգամ Մարույաման Լիին խորհուրդ տվեց բաժանվել իրենից, քանի որ նման հարաբերություններից ոչինչ չի ստացվի: Մեկ ուրիշ անգամ նա փեսացուին առաջարկեց ամուսնանալ իր հետ: «Ամնեզիայի պատճառով ես շանս ունեմ կրկին ու կրկին սիրահարվել նրան,- պատմել է նա ճապոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:- Քանի անգամ էլ որ հիշողությունս կորցնեմ, վստահ եմ, որ մշտապես նրան նորից եմ սիրելու»: