Միշել Լեգրանի հոգեհանգիստը կկայանա ուղղափառ եկեղեցում


15:20 , 29 հունվար, 2019

Կոմպոզիտոր Միշել Լեգրանի հոգեհանգիստը կկայանա Փարիզի ուղղափառ Սբ. Ալեքսանդր Նևսկու տաճարում։

Եկեղեցու սպասավորի խոսքերով՝ հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին, և արդեն իսկ հարյուրավոր մարդիկ են զանգահարում եկեղեցի՝ ցանկանալով մասնակից լինել արարողությանը: «Կարծում եմ՝ առաջին հերթին կլինեն ընտանիքի անդամներն ու մոտ մարդիկ, իսկ նկարահանումներն ու հարցազրույցները՝ հավանաբար արդեն տաճարի տարածքից դուրս»,- ասել է տաճարի ներկայացուցիչը:

Լեգրանը մի քանի տարի առաջ պսակադրվել էր ուղղափառ տաճարում իր կնոջ՝ ռուսական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Մաշա Մերիլի հետ և երբեմն տոնական օրերին այցելում էր եկեղեցի:

2018թ.-ի գարնանը Լեգրանը պարգևատրվել է ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի մշակույթում ներդրման համար» շքանշանով. պարգևը նրա փոխարեն ստացել է կինը:

Լեգրանի հուղարկավորությունը տեղի կունենա Պեր Լաշեզ գերեզմանատանը, Մարինյի թատրոնում քաղաքացիական հոգեհանգստից հետո:

«Օսկար»-ի եռակի դափնեկիր Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26-ի գիշերը՝ կյանքի 87-րդ տարում: