Ինչ գիտեն սոցցանցերն օգտատերերի մասին


23:40 , 28 հունվար, 2019

Վաղուց գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերն իրենց օգտատերերի մասին տեղեկություններ են հավաքում: Տեղեկատվությունը հիմնականում օգտագործվում է տվյալ անձի շահերին համապատասխանող անձնական առաջարկների, ինչպես նաև անհատական գովազդ ցուցադրելու համար, գրում է kommersant.ru-ն:

Ինչպես ցույց տվեց Pew Research Center-ի ուսումնասիրությունը, չափահաս ամերիկացիները վստահ են, որ սոցիալական ցանցերը հեշտությամբ որոշում են իրենց ծագումը, հոբբիներն ու հետաքրքրությունները, քաղաքական ու կրոնական հայացքները:

Ֆեյսբուքն օգնեց նրանց համոզվել դրա ճշմարտացիության մեջ՝ հնարավորություն տալով ծանոթանալու գովազդի վրա ազդող գործոններին (բիզնես, հոբբի, ապրելակերպ և այլն): Պարզվեց՝ հարցվածների 74 տոկոսը այդ հնարավորության մասին չգիտեր:

Հարցվածների կեսը (51%), աչքի անցկացնելով ցուցակը, խոստովանեց, որ իրենց համար տհաճ է Facebook-ի ծավալած գործունեությունը:

Գովազդի ընդհանուր քանակը, որ արտացոլում է օգտվողների մասին հավաքագրված տվյալները, հարցվողների մեկ երրորդի մոտ գերազանցում է 20-ը: Նրանք, ովքեր օրական մի քանի անգամ այցելում են ֆեյսբուքյան էջը կամ գրանցված են ավելի քան տասը տարի, առաջինն են հայտնվում այս ցանկում: