«Հրապարակ»․ Արարատի մարզպետը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին. նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից
11:40 , 25 հունվար, 2019
«Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին: Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ:
Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նորից մրցույթին մասնակցել, քանի որ Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է:
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառավարությունը նշանակի իր հովանավորյալին: Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը՝ Նելլի Ղազարյան, Հայկ Խանոյան և Վահրամ Մանուկյան. վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է:
Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այսպես ասած՝ «օրինական» ձևով ազատել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: