Եգիպտոսում Թութանհամոնի դամբարանը բացվել է այցելուների համար


07:45 , 25 հունվար, 2019

Ամերիկյան արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը և Եգիպտոսի հնությունների նախարարությունը ավարտել են Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի դամբարանի՝ 10 տարի շարունակվող վերականգնումը: Այս մասին հաղորդում է Live Science-ը:

Մասնագետները վերականգնել են ոչ միայն շինությունը, որի տարիքը գնահատվում է 3 հազար տարի, այլև պատերի մանրանկարները: Դամբարանում նաև հատուկ օդափոխության համակարգ է տեղադրվել:

Թութանհամոնը ծնվել է Նոր թագավորության դարաշրջանում՝ մ.թ.ա. 1341թ.-ին: Նրան կոչում են փարավոն-տղա, քանի որ գահ է բարձրացել 9 տարեկան հասակում և հանկարծամահ եղել 20 տարեկանում:

Թութանհամոնի դամբարանն աշխարհին հայտնի դարձավ 1922 թվականին, երբ բրիտանացի եգիպտագետ Հովարդ Քարթերն այն հայտնաբերեց իր սկզբնական տեսքով: Թագավորների հովտի շատ այլ դամբարաններ վաղուց էին կողոպտվել, սակայն Թութանհամոնի դամբարանը փրկվել է կողոպուտից մուտքն արգելափակող քարերի շնորհիվ: