Թուրքիայի կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում հունական պատմական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է


17:00 , 24 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան պատմական հուշարձանները միտումնավոր կերպով չպահպանելու և հայկական ու հունական հետքերը վերացնելու քաղաքականությունը շարունակում է նաև 1974 թ. իր կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում: Այստեղ գտնվող հին հունական պատմական եկեղեցին ջրով է լցվել: Այդ մասին տեղեկացնում է Akunq.net-ը` վկայակոչելով Haberkibris.com լրատվական կայքը:

Աղբյուրի համաձայն` Հյուսիսային Կիպրոսի Գազիմաղուսա նահանգին ենթակա Փաշաքյոյ գյուղաքաղաքում գտնվող սույն եկեղեցին հորդառատ անձրևների պատճառով ջրով է լցվել, և տեղի իշխանությունները մեկ շաբաթ շարունակ որևէ բան չեն ձեռնարկել դրա դեմ: Հավանական է, որ դրա հետևանքով պատմական եկեղեցին լիովին քանդվի, քանի որ շինության որոշ հատվածներ նույն պատճառով ավերվել են: