Ոզնին սթրեսի հետևանքով կորցրել է փշերը


00:00 , 25 հունվար, 2019

Բրիտանիայի գավառական փոքր քաղաքի բնակիչն անտառում անսովոր ճաղատ կենդանի է հայտնաբերել: Պարզվել է, որ դա ոզնի է, որը կորցրել է փշերը, գրում է The Daily Mail-ը:

Տղամարդը կենդանուն տեղափոխել է Cuan Wildlife Rescue կենդանիների պաշտպանության կենտրոնի կենդանաբույժների մոտ: Այնտեղ ոզնուն կերակրել են և կաթ հյուրասիրել: Շատակերության համար ոզնուն Արջ մականունն են տվել:

Փորձագետները պարզել են, որ կենդանին փշերը կորցրել է ժամանակից շուտ արթնանալու հետևանքով: Կենտրոնում ենթադրել են, որ դա տեղի է ունեցել ինֆեկցիայի պատճառով, որով կենդանուն վարակել է ականջի տիզը: Սովորաբար ոզնիների ձմեռային քունը տևում է նոյեմբերից մինչև ապրիլ:

Կենտրոնում նաև նշել են, որ բուժումը կլինի երկարատև և թանկ. ոզնու մաշկը պետք է մերսեն ալոե վերայի թուրմով: Կենդանին նաև հակաբակտերիալ վաննաներ պետք է ընդունի: Երբ փշերը վերականգնվեն, Արջը կվերադառնա վայրի բնություն: