Բոլտոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ «Արցախ» բառը չի օգտագործել


12:53 , 24 հունվար, 2019

Երբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։

Նիկոլն ասում է, որ Բոլտոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, և Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք՝ խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսել։

Բոլտոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին՝ որքան հիշում եմ, առաջին անգամ է զանգել, այն էլ՝ Ալիևի հետ մեկուկես ժամ տևած պատահական հանդիպումից հետո։

Բոլտոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։ Հայաստանի պահով Բոլտոնին կարող է միայն Իրանի և Արցախի հարցը հետաքրքրել, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի, իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։

Ենթադրենք՝ Բոլտոնը Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։

Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլտոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե անգամ «Արցախ» բառը չի օգտագործել։