Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված երեխայով հղի երկրորդ կնոջն են հայտնաբերել


06:47 , 24 հունվար, 2019

Չինաստանում հաստատել են, որ արդեն երկրորդ կինն է հղիացել գիտափորձի արդյունքում, որի նպատակը աշխարհում առաջին գենոմոդիֆիկացված երեխայի ծնունդն էր: Անօրինական և անբարոյական գիտափորձի հեղինակի դեմ ոստիկանությունը գործ է հարուցել:

The Guardian-ի փոխանցմամբ՝ անցյալ տարի գիտնական Խե Ցզյանկույը ցնցել է գիտական համայնքը՝ հայտարարելով, որ կարողացել է փոփոխել երկվորյակ աղջիկների ԴՆԹ-ն՝ կանխելով նրանց ծնողներից ՄԻԱՎ վարակի ժառանգումը: Հոնկոնգում համաժողովի ժամանակ նա հայտարարել է, որ ևս մեկ զույգ կարող է հաջողությամբ գենոմոդիֆիկացված երեխա ունենալ:

Չինաստանի տարածքային իշխանությունը, որը հետաքննում է գործը, հաստատել է գենոմոդիֆիկացված երեխայով հղի երկրորդ կնոջ գոյությունը: Երկրորդ գենետիկորեն մոդիֆիկացված երեխան, ինչպես նաև երկվորյակները կգտնվեն «բժշկական հսկողության տակ»․ այս մասին քննիչները հայտնել են Xinhua լրատվական գործակալությանը: